Կայքի օպտիմիզացիա

Կայքի օպտիմիզացիա

 

SEO-ի հիմունքները կամ ինչից է սկսվում կայքի օպտիմիզացիան

 

Կայքի օպտիմիզացիան շատերին անիրագործելի խնդիր է թվում։ Ընդամենը SEO հապավումը լսելիս սառը քրտինք է պատում։

Ենթադրում ենք, որ դա պատահում է մի շարք անհասկանալի արտահայտությունների պատճառով, օրինակ՝ «Ցանկանու՞մ եք բարձրացնել Ձեր կայքի դիրքը որոնողական համակարգերում՝ աշխատեք մետա-թեգերի, alt-տեքստերի և բանալի բառերի հետ»․ ներողություն, ի՞նչ։
Հենց այդ պատճառով էլ մենք՝ Ջի Դիզայն գրուպը, աշխատում ենք բացատրել իրերը չափազանց պարզ լեզվով։
Պատրա՞ստ եք։ Հիանալի է։ Սկսեցինք։
Եկեք սկզբում հասկանանք որոշ տերմիններ։

Բանալի բառեր

Բանալի բառերը հենց այն բառերն ու արտահայտություններն են, որոնց օգնությամբ մարդիկ որոնողական համակարգերում գտնում են Ձեր կայքը։ Եկեք պատկերացնենք, թե Դուք ինչ-որ փոքր գեղեցկության սրահի սեփականատեր եք Երևանում։ Այս դեպքում Ձեր գեղեցկության սրահը գտնելու համար անհրաժեշտ է որոնել «գեղեցկության սրահ Երևանում» արտահայտությունը։ Դեռևս ամեն բան պա՞րզ է։ Հիանալի է, շարժվեցինք առաջ։
Այստեղ մի փոքրիկ խնդիր կա․ մրցակցություն գոյություն ունի ոչ միայն կազմակերպությունների, այլև բանալի բառերի միջև։ Եթե Դուք որոնեք «գեղեցկության սրահ Երևանում», անմիջապես կտեսնեք տասնյակ այլ գեղեցկության սրահների հասցեներ, իսկ փոքր կազմակերպության սեփականատիրոջը շատ դժվար կլինի մրցել հայտնի կայքերի հետ։ Իսկ եթե որոնեք «վարսահարդարում Երևանում» արտահայտությունը, ապա կտեսնեք բոլորովին այլ արդյունք։ Այսպիսով, Ձեր խնդիրն է ընտրել ոչ շատ ծեծված բառեր ու արտահայտություններ, որոնք նաև համապատասխանում են որոնման իրական հարցմանը։ Հիշեք, որքան կոնկրետ լինեն Ձեր բառերն, այնքան արագ պոտենցիալ հաճախորդները կգտնեն Ձեզ, հնարավոր է նաև հայտնվեք որոնողական համակարգի առաջին էջում։
Նրանց, ովքեր չգիտեն, թե ինչից սկսել, խորհուրդ ենք տալիս օգտվել Google-ի և Yandex-ի հատուկ ծառայություններից։ Դրանց օգնությամբ Դուք կարող եք իմանալ նախնական որոնման հարցումների վիճակագրությունը և պարզել, թե որքան բարձր է նրանց մրցակցությունը։ Իսկ եթե Ձեզ հարկավոր է բանալի բառերի հետ աշխատելու մանրամասն ուղեցույց, բարի գալուստ Ջի Դիզայն գրուպ։

Կայքի էջերի վերնագրեր

Հաջորդ քայլով պետք է այնպես անել, որ որոնողական համակարգերը հայտնաբերեն Ձեր կայքը։ Դրա համար անհրաժեշտ է բանալի բառեր գրել նաև կայքի և էջերի վերնագրերում։ Վերնագրերը պատկանում են մետա-թեգերի շարքին։ Որպեսզի հասկանաք, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում, Google-ում կամ Yandex-ում որոնեք ցանկացած հարցում։ Տեսնու՞մ եք յուրաքանչյուր արդյունքի վերևում կապույտ գույնով նշված տողերը։ Հենց դրանք են վերնագրերը։
Կայքի գլխավոր էջում «Վերնագիր» դաշտը պետք է լրացվի հետևյալ կերպ․
Բանալի բառեր | կազմակերպության անվանում | հասցե
Կազմակերպության անվանում | բանալի բառեր | հասցե
Գլխավոր էջից հետո անհրաժեշտ է նույնն անել նաև բոլոր մնացած էջերում․ էջի անուն և կազմակերպության անվանում | բանալի բառեր և հասցե։

Էջերի նկարագրություն

Նկարագրությունը կարճ տեքստ է, որը հայտնվում է վերնագրի տակ։ Այն անհրաժեշտ է նրա համար, որ մարդիկ հասկանան, թե ինչի մասին է Ձեր կայքը և ցանկանան անցնել հղումով։ Ձեր խնդիրն է կազմել լավ, հեշտ ընթերցվող տեքստ, բայց դրանում ավելացնել նաև բանալի բառեր։
Բանալի բառերը չպետք է շատ լինեն, այլապես ավելի շատ վնաս կստանաք, քան՝ օգուտ։ Նկարագրությունը պետք է լինի պարզ, կապակցված տեքստ՝ գրված մարդկանց համար, հակառակ դեպքում Ձեր կայք ոչ ոք չի այցելի։

Դոմենի անուն

Դոմենի անունը պետք է իր մեջ պարունակի Ձեր կազմակերպության անվանումը։ Եթե ստացվի ավելացնել բանալի բառ՝ հիասքանչ կլինի։ Ձեր դոմենը պետք է հեշտ հիշվող լինի ու տպավորվի, այդ իսկ պատճառով հեռու մնացեք բարդ բառակապակցություններից և մի փիլիսոփայեք։ Հիշեք՝ լավագույնը լավի թշնամին է։
Մտածեք նաև ընդլայնման մասին։ Մի սահմանափակվեք .am-ով ավարտվող դոմեններով, ուսումնասիրեք նաև .com, .net, .org, .info, .biz, .guru կամ .net ընդլայնումները։ Իդեպ, ընդլայնումը կարող է կապված լինել ոչ միայն երկրի, այլ նաև գործունեության ոլորտի հետ։ Եթե Ձեր բիզնեսը կապված է ՏՏ (IT) արդյունաբերության հետ, կարելի է վերցնել իտալական .it ընդլայնումը, իսկ եթե բժշկության հետ է կապված՝ մոլդովական .md ընդլայնումը։

Alt-տեքստեր

Որոնողական համակարգերն ունեն մի առանձնահատկություն․ նրանք չեն կարողանում «կարդալ» պատկերները։ Անհրաժեշտ է «բացատրել», թե ինչ է պատկերված լուսանկարում՝ ավելացնելով տեքստային նկարագրություն կամ alt-տեքստ։ Դրանից հետո որոնողական համակարգերն առանց որևէ խնդրի կգտնեն հարցմանը համապատասխան լուսանկարները։

Կոնտենտի հիերարխիայի կառուցումը։ H1-H6 թեգեր

H1-H6 թեգերն օգտագործվում են, որպեսզի ընդգծվեն գլխավոր բառերն ու շեշտադրումներ կատարվեն։ H1 թեգը հարմար է վերնագրի համար, H2-ը՝ ենթավերնագրի և այլն։ Մտածեք, թե որ տեքստն է էջում ամենակարևորը և ճիշտ թեգեր ավելացրեք դրան։
Որոնողական համակարգերը նախ արձագանքում են H1 թեգերին, այդ իսկ պատճառով պետք է այն ավելացնել բոլոր էջերում։ Այս թեգի դերը կարելի է համեմատել վերնագրի դերի հետ․ այն նույնպես հաղորդում է էջի հիմնական էությունը։
Հիշեք, խնդիրը տառատեսակի չափսի մեջ չէ, այլ հենց թեգի։ Չլինի թեգ՝ ոչինչ չի փոխվի։

Մի մոռացեք օպտիմիզացնել Ձեր կայքը բջջային սարքերի համար։ Շատ մարդիկ ինտերնետից օգտվում են բջջային հեռախոսներով և պլանշետներով, իսկ Google ընկերությունը նույնիսկ հայտարարել է, որ սկսել է որոնման արդյունքներում առաջնահերթություն տալ բջջային տարբերակ ունեցող կայքերին։ Այստեղից հետևություն, որ չպետք է հետաձգել, պետք է դրանով որքան հնարավոր է շուտ զբաղվել։

Սպիտա՞կ, մոխրագու՞յն, թե՞ սև

Կախված այն բանից, թե ինչ մեթոդներ եք օգտագործում ռեսուրսների հետ աշխատելիս, կայքն օպտիմիզացնել կարելի է սպիտակ, մոխրագույն և սև ճանապարհներով։
Սև օպտիմիզացումը ներկայացված է ոչ օրինական մեթոդներով․ ըստ էության, սև օպտիմիզատորը փորձում է մանիպուլացնել որոնողական համակարգի ալգորիթմները։ Մոխրագույն օպտիմիզատորն օգտագործում է տեսականորեն անթույլատրելի մեթոդներ։ Սև կամ մոխրագույն SEO մեթոդներով մշակված կայքերը հաճախ արգելվում են կամ ընկնում են որոնիչի զտիչների տակ։
Սպիտակ օպտիմիզացիան առավել ընդունելի տարբերակ է այն վեբ կայքերի համար, որոնց մեթոդներն ուղղված են ոչ միայն որոնողական ռոբոտների, այլև սովորական օգտատերերի պահանջները բավարարելուն։

Ներքին և արտաքին օպտիմիզացիա

Ներքին օպտիմիզացիան ենթադրում է ռեսուրսի բովանդակության հետ աշխատանք, օրինակ՝ օրիգինալ տեքստերի տեղադրում, կայքի քարտեզի և մենյուի ձևավորում, վերնագրի, նկարագրության ու բանալի բառերի ճիշտ լրացում։
Արտաքին օպտիմիզացիայի դեպքում օպտիմիզատորն աշխատում է դեպի իր կայք արտաքին հղումներ ստանալ։ Կախված օպտիմիզացիայի տեսակից, հղումներ հավաքելու հնարավորությունները նույնպես տարբեր են: Մեկ վեբ կայքում հղումների զանգվածային կտրուկ աճը, մանավանդ, երբ կայքը նորաբաց է, կարող է պատժամիջոցների պատճառ դառնալ։
Որոնողական համակարգերի անընդհատ կատարելագործվող ալգորիթմները՝ նրանց ավելի ու ավելի խստացված կառավարման համակարգերով, ստիպում են օպտիմիզացման մեթոդները փոփոխել և ավելի են բարդացնում սև SEO-ով զբաղվելու հնարավորությունը։

Ցանկանում եք օպտիմիզացնել Ձեր կայքը, բայց չգիտեք, թե ու՞մ դիմել։ Կապնվեք Ջի Դիզայն գրուպի հետ։ Մենք ծանոթ ենք որոնողական համակարգերի ալգորիթմներին, որոնք ապահովում են երաշխավորված արդյունքներ։ Մեր թիմը կօպտիմիզացնի Ձեր վեբ-կայքի դիզայնը, կոդը և կոնտենտը՝ որոնողական համակարգերում բանալի բառերով լավագույն վարկանիշն ապահովելու համար։

 


Հետաքրքրե՞ց։ Զանգահարեք հենց հիմա 093-07-88-07: